Որտե՞ղ է ձևավորվում տիեզերքի ոսկին. նոր հետազոտությունը ցնցել է աստղագետներին

Աշխարհի շուրջ

Աստղագետներն արդեն տասնամյակներ շարունակ փորձում են պարզել տիեզերքում ամենածանր տարրերի, հատկապես ոսկու, ծագման աղբյուրը։ Վերջերս կատարած հետազոտությունը ենթադրում է, որ ոսկու աղբյուր կարող են լինել մագնետարները՝ խիստ մագնիսացված նեյտրոնային աստղեր։

Հայտնի է, որ թեթև տարրերը՝ ջրածինն ու հելիումը, ձևավորվել են Մեծ պայթյունից հետո, իսկ ավելի ծանր տարրերը, ինչպես երկաթը, առաջացել են աստղերի պայթյուններից։ Սակայն ոսկու, որը նույնիսկ երկաթից ծանր է, տարածվածությունը տիեզերքում երկար ժամանակ մնացել է անհասկանալի։

Մինչ այժմ գիտնականները ոսկու առաջացումը կապում էին միայն նեյտրոնային աստղերի բախումների՝ կիլոնովաների հետ, ինչպիսիք դիտարկվել են 2017 թվականին։ Այդ բախումները ստեղծում են նաև պլատին, կապար և գրավիտացիոն ալիքներ։

Սակայն NASA-ի և Եվրոպական տիեզերական գործակալության 20-ամյա արխիվային տվյալների վերլուծությունը ցույց է տալիս, որ մագնետարներից դուրս եկող ճառագայթները կարող էին ոսկու առաջացման այլ աղբյուր լինել։ Մագնետարները առաջանում են պայթած աստղերի միջուկներից և ունեն հսկայական մագնիսական դաշտ։ Դրանց ներսում տեղի ունեցող «աստղաշարժերը» կարող են տիեզերքում հզոր ճառագայթներ արձակել, ինչը ևս կարող է նպաստել ծանր տարրերի, ներառյալ ոսկու ձևավորմանը։

Այս բացահայտումը նոր լույս է սփռում տիեզերքի բարդ նյութական կառուցվածքի վրա և նոր հորիզոններ է բացում աստղագիտության ոլորտում։