Քիմ Քարդաշյանի կողոպուտի գործով մեղադրյալը զղջում է՝ «Ես չեմ զղջում, որ բռնվել եմ, այլ որ հոգեբանական վնաս եմ հասցրել»

LifeStyle

Փարիզում 2016 թվականին Քիմ Քարդաշյանի վրա զինված հարձակման և 9 միլիոն դոլարի արժողությամբ զարդերի գողության գործով գլխավոր մեղադրյալներից Յունիս Աբասը դատարանում խոստովանել է, որ զղջում է տեղի ունեցածի համար՝ ընդգծելով, որ զղջում է ոչ թե բռնվելու, այլ Քարդաշյանին պատճառած հոգեբանական տրավմայի համար։

72-ամյա Աբասը՝ հայտնի որպես «պապիկ կողոպտիչներից» մեկը, նշել է, որ թեև իր կյանքի ընթացքում կատարել է բազմաթիվ հանցագործություններ, Քարդաշյանի վրա ազդեցությունն իր մոտ առաջին անգամ է առաջացրել իրական զղջում։

Նա նշել է, որ ինքը չի մասնակցել Քարդաշյանի կապելուն, այլ գտնվել է շենքի ներքևում՝ դիտորդի դերում։ Նա նաև հերքել է իր մասնակցությունը՝ չնայած նախկինում գողությունը մանրամասն նկարագրել էր իր 2021 թ․ գրքում՝ «Ես առեւանգեցի Քիմ Քարդաշյանին» վերնագրով։

Աբասը հայտնել է, որ իր հանցագործությունների հետևանքով տուժել է իր ընտանիքը և ինքը երբեք չի ունեցել լավ օրինակի հետևելու։ Նա հիշել է նաև իր նախորդ հանցագործությունները, ներառյալ Բելգիայում իրականացված զինված բանկի կողոպուտը։

Քարդաշյանը 2016 թ․ գտնվում էր Փարիզում՝ Մոդայի շաբաթին մասնակցելու համար, երբ հինգ մեղադրյալներ ներխուժել են մասնավոր բնակարան և զինված հարձակվել նրա վրա՝ գողանալով թանկարժեք զարդեր, այդ թվում՝ նշանադրության մատանին նախկին ամուսին Քանյե Ուեսթից։ Մնացած հինգ մեղադրյալները պատասխանատվության են ենթարկվում հանցագործությունը պլանավորելու և Քարդաշյանի գտնվելու վայրի մասին տեղեկատվություն փոխանցելու համար։

Ներկայումս դատավարությունը շարունակվում է՝ առանց մի մեղադրյալի, ով արդեն մահացել է, և մեկի գործը՝ 80-ամյա, առանձին է դիտարկվում։