Apple-ը հեռանում է Չինաստանից․ iPhone-ները կարտադրվեն Հնդկաստանում

Գիտություն և նորարարություն

Apple ընկերությունը հայտարարել է, որ ԱՄՆ-ի համար նախատեսված իր արտադրանքի մեծ մասը՝ ներառյալ iPhone-ները, կարտադրվի այլ երկրներում՝ Հնդկաստանում և Վիետնամում՝ փոխարինելով Չինաստանին։ Այս քայլը կապված է նախագահ Թրամփի մաքսային քաղաքականության և գալիք տուրքերի հետ, որոնք կարող են ընկերությանը նստել մոտ 900 միլիոն դոլար։

Apple-ի գլխավոր տնօրեն Թիմ Քուքն ընդգծել է, որ ԱՄՆ-ում ընկերությունը պատրաստվում է ներդնել շուրջ 500 միլիարդ դոլար առաջիկա տարիների ընթացքում։ Նրա խոսքով՝ ԱՄՆ-ում վաճառվող iPhone-ների մեծ մասն արտադրված կլինի Հնդկաստանում, իսկ iPad-ները, Mac-երը, Apple Watch-ները և AirPods-ները՝ Վիետնամում։

Չինաստանը, այդուհանդերձ, կմնա ընկերության արտադրության հիմնական կենտրոններից մեկը՝ ԱՄՆ-ից դուրս վաճառքների համար։ Բայց արտադրության տեղափոխումը Հնդկաստան և Վիետնամ կնշանակի մեծ ներդրումներ և ժամանակատար գործընթաց։

Չնայած մաքսային անորոշություններին, Apple-ը նշել է, որ վաճառքների վրա դեռ ազդեցություն չի եղել։ Ընկերության տարեկան եկամուտները առաջին եռամսյակում աճել են 5%-ով՝ հասնելով 95.4 միլիարդ դոլարի։

Թրամփի վարչակազմը նախկինում պնդել էր, որ տեխնոլոգիական ընկերությունները պետք է արտադրությունը տեղափոխեն ԱՄՆ, սակայն ճնշման արդյունքում որոշ կարևոր էլեկտրոնային սարքեր՝ հեռախոսներ և համակարգիչներ, դուրս են բերվել մաքսային նոր սահմանափակումներից։