ԱՄՆ-ն և Ուկրաինան ստորագրել են «տնտեսական գործընկերության համաձայնագիր», որով Վաշինգտոնին տրվում է մուտք Ուկրաինայի հանքային ռեսուրսներին՝ փոխարենը ստեղծելով ներդրումային հիմնադրամ Կիևում։ Այս համաձայնագիրը կնքվել է մի քանի շաբաթ տևած լարված բանակցություններից հետո, երբ նույնիսկ ժամանակավորապես դադարեցվել էր ամերիկյան օգնությունը Ուկրաինային։
Թեև ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը պնդում է, որ համաձայնագրի շրջանակներում ԱՄՆ «ավելի շատ է ստանում, քան 350 միլիարդ դոլար», իրականում Կիելի տնտեսագիտական ինստիտուտի տվյալներով՝ ԱՄՆ-ի օգնությունը կազմել է շուրջ 120 միլիարդ։
Ուկրաինայի էկոնոմիկայի նախարար Յուլիա Սվիրիդենկոն շեշտել է, որ ռեսուրսների սեփականությունը լիովին պահպանվում է Ուկրաինայի կողմից։ «Բոլոր հանքային ռեսուրսները, ներառյալ տարածքային ջրերում եղածները, մնում են Ուկրաինայի պետության տիրապետության տակ», — ասել է նա։
Համաձայնագրով ամերիկյան ապագա ռազմական օգնությունը կհամարվի ներդրում՝ առանց պահանջելու փոխհատուցում նախկին օգնության դիմաց։ Վարչապետ Դենիս Շմիգալն ընդգծել է, որ սա «իրական հավասար ու շահավետ համաձայնագիր է Ուկրաինայի վերականգնման համար»։
ԱՄՆ գանձապետարանի հայտարարության լեզուն առաջին անգամ ընդգծել է Ռուսաստանի գործողությունները որպես «լիածավալ ներխուժում»՝ ի տարբերություն Թրամփի վարչակազմի նախորդ կշռադատված հայտարարությունների։