ԱՄՆ կառավարությունը զրկում է Հարվարդին պետական ֆինանսավորումից՝ լուրջ մեղադրանքներով

Նորություններ ԱՄՆ-ից

ԱՄՆ կրթության նախարար Լինդա Մաքմեհոնը հայտարարել է, որ Հարվարդի համալսարանը դադարելու է համարվել պետական ֆինանսավորմամբ ինստիտուտ և այլևս չի ստանա դաշնային դրամաշնորհներ։ Այս մասին նա հայտնել է համալսարանի նախագահ Ալան Գարբերին ուղղված նամակում, որը հրապարակվել է X սոցիալական ցանցում։

Նախարարը մեղադրել է համալսարանին ԱՄՆ բարձրագույն կրթության համակարգի նկատմամբ անհարգալից վերաբերմունքի, օտարերկրյա ուսանողների կողմից բռնությունների հանդուրժման, ինչպես նաև կրթական չափանիշների իջեցման մեջ։ Նա ընդգծել է, որ համալսարանը անտեսել է ԱՄՆ Գերագույն դատարանի որոշումը՝ կապված ռասայական խտրականության վերացման պահանջի հետ։

Հարվարդը կորցրել է 2.2 միլիարդ դոլարի չափով պետական աջակցություն՝ հրաժարվելով փոխել իր կադրային և կրթական քաղաքականությունը՝ չնայած Սպիտակ տան պահանջներին։ Նախագահ Դոնալդ Թրամփն իր հերթին առաջարկել է քննարկել համալսարանը հարկային արտոնություններից զրկելու հարցը։

Սպիտակ տունը վերջերս կոչ էր արել ամերիկյան բուհերին պաշտպանել հրեա ուսանողներին՝ հակաիսրայելական բողոքի ակցիաների ֆոնին, որոնք սկսվել են ՀԱՄԱՍ-ի հարձակումից հետո և Գազայի հատվածում Իսրայելի ռմբակոծություններից։