Ադրբեջանի խորհրդարանի պատգամավոր Ազեր Բադամովին արգելվել է մուտք գործել Ռուսաստան՝ ռուսաֆոբական հայտարարությունների պատճառով։ Ինչպես հայտնում է «РИА Новости»-ն՝ հղում անելով իր աղբյուրին, արգելքի պատճառ են հանդիսացել Բադամովի հակառուսական և ռադիկալ տեսակետները։
Հայտնի է, որ պատգամավորը փորձել է մուտք գործել Ռուսաստանի տարածք մայիսի 4-ին։ Աղբյուրը նշել է, որ ՌԴ-ն չի կիրառում «սև ցուցակների» քաղաքականություն բարեկամական երկրների հետ, և Բադամովի դեմ կիրառված միջոցները բացառապես անհատական բնույթ ունեն՝ չազդելով երկկողմ հարաբերությունների վրա։
Հիշեցնենք, որ ավելի վաղ Ադրբեջանը «անցանկալի անձ» էր հռչակել ՌԴ Պետդումայի պատգամավոր Նիկոլայ Վալուևին՝ Բաքվի հասցեին վիրավորական հայտարարությունների և սպառնալիքների համար։