Մեծ Բրիտանիայի ամենաերկարակյացներից մեկը՝ 108-ամյա Ֆրենկ Չեսթերը, նշել է իր տարեդարձը և պատմել առողջությունն ու ակտիվությունը պահպանելու իր պարզ, բայց արդյունավետ մեթոդների մասին։ Նրա ամենօրյա խորհուրդը՝ միշտ հագնել տաբատը նստած դիրքում՝ ընկնելու վտանգից խուսափելու համար։
Չեսթերը կիսվել է նաև, որ իր երկարակեցության գաղտնիքներից մեկը լավ հումորն է։ Նա իր օրն սկսում է աղոթքով՝ շնորհակալ լինելով Աստծուն ամեն նոր օրվա համար։
Լոնդոնում ծնված Ֆրենկը Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո տեղափոխվել է Ուոլսոլ, որտեղ ծանոթացել է իր ապագա կնոջ՝ Լիլիի հետ։ «Վեց շաբաթ անց մենք որոշեցինք միասին անցկացնել ողջ կյանքը։ Լիլին լավագույն բանն էր, որ ինձ հետ պատահել է», — պատմում է նա։
Ներկայումս Չեսթերը բնակվում է ծերանոցում, որտեղ նրան նկարագրում են որպես հիասքանչ և ոգեշնչող մարդ։ Նրա պատմությունն ընդգծում է թե՛ կյանքի պարզ ուրախությունների, թե՛ հոգևոր հավատքի կարևորությունը։